Գրաֆիտը, որը մատիտի գրող և հեշտ փշրվող միջուկն է, կազմված է «ածխածնի» ատոմներից։ Նույն «ածխածնի» ատոմներից է կազմված ադամանդը կամ ալմաստը, որը աշխարհի ամենակարծր նյութերից է։ Նույն ծագումն ունեցող այդ երկու նյութերի ամրության և որակական հատկությունների տարբերությունը նրանց ներքին կառուցվածքի մեջ է։ Փոխելով ատոմների դասավորությունը, այսինքն ներքին կառուցվածքը, հնարավոր է փոխել ամեն ինչ։
Համանման ձևով, մեր 3 միլիոն բնակչությամբ երկրի «կարծրությունն» ու արժեքը կախված է պետական և հասարակական ներքին կառուցվածքից, պետական կարգից և հասարակարգից։ Փոխելով ներքին կառուցվածքը, կարելի է փոխել ամեն ինչ։
«ՀԻՄՆԱԴԻՐ» ազատակարգ կուսակցությունն իր «Պետականաշինության ուղեցույցով» և «Սահմանադրության սկզբունքներով» առաջարկում է այդ փոփոխությունների իրականացման նախագիծ, և մեր խնդիրների լուծումն արտաքին հովանավորների փնտրտուքի տիրույթից տեղափոխում ներքին կառուցակարգերի հիմնադրման «շինհրապարակ»։ Նոր հասարակարգ, նոր սահմանադրություն, նոր հարաբերություններ, այստեղ է մեր խնդիրների հանգուցալուծումը։
ԱՄՆ հիմնադիր հայրերից Ջեյմս Մեդիսոնն ասում է, «Եթե մարդիկ հրեշտակ լինեին, ապա ոչ մի կառավարություն անհրաժեշտ չէր լինի: Եթե հրեշտակները կառավարեին մարդկանց, ապա կառավարության վրա ոչ արտաքին, ոչ ներքին վերահսկողության անհրաժեշտություն չէր լինի»։
Մարդիկ սխալական են, խոցելի գայթակղությունների հանդեպ, հակված են ծուլության։ Մարդիկ սեփական ջանքերով սեփական երկիրը կառուցելու փոխարեն սպասում են «փրկիչների», ովքեր «կզոհաբերվեն» իրենց փխարեն, կամ կկառուցեն «Ավետյաց երկիր» որտեղ ոչինչ չանելով բոլորը կապրեն կուշտ և երջանիկ։ Գործնականում այդպես չի լինում։ Ավելի պրագմատիկները փնտրում են արտաքին հովանավոր, և սպասում, թե ով պիտի իր ժողովրդից կտրելով միլիարդավոր դոլլարներ տա, որպեսզի «հալածված ժողովուրդներն» առանց մեծ ջանքերի ձրի ապրուստ գտնեն, որպես «պատմական արդարության» հաստատում։ Սա ևս «գավառական խորամանկության» ձախողված ինքնախաբեություն է։
Լուծումը մեկն է՝ աշխատանք, ջանք, եռանդ, կրթություն, չարչարանք, և այս ամենը բարձր կազմակերպվածության պայմաններում։ Ամեն լավ բան հնարավոր է, սակայն «Հեշտ չի՛ լինելու»։