ԽՆԴԻՐՆԵՐ

ԼՈՒԾՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ

Ինչու՞ նոր կուսակցություն։ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

+

ՀՀ օրենսդրությամբ քաղաքական պաշտոնական գործունեություն հնարավոր է միայն կուսակցական կազմակերպության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, կուսակցական համակարգը Հայաստանում կայացած չէ։ Ստացվում է այնպես, որ կա օրենքի պահանջ, սակայն չկան բարենպաստ պայմաններ այդ պահանջը կատարելու համար։ Այսպիսով, սեփական քաղաքական հայացքները առաջ տանելու համար, միակ ելքը մնում է առանձին կուսակցություն հիմնելը։

Ինչու՞ ինքնուրույն։ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

+

Քաղաքական ուժերը թեև հասկանում են, որ մեր խնդիրները համակարգային են, դրանց պատճառը տեսնում են վատ պաշտոնյաների և վատ կառավարման մեջ, առաջարկելով իրենց ծառայությունները՝ վատ աշխատող պաշտոնյաների փոխարեն։ Այստեղ համագործակցության եզրերը խզվում են։ Մեր համոզմունքն է, որ վատ համակարգերում հնարավոր չէ լավ կառավարում, ոչ մի դեպքում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ են համակարգային և խորքային փոփոխություններ կառավարման բոլոր փուլերում և հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Նման ծավալուն փոփոխությունների հասնելու համար պետք է հիմնել նոր պետական, քաղաքական և հասարակական կարգ, այսինքն առնվազն նոր Սահմանադրություն։ Ըստ մեզ, անձերի փոփոխության առաջարկներն ունեն դեկորատիվ և կոսմետիկ նշանակություն։

Հաջողության «շանսերը» ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

+

Ֆունդամենտալ և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը մեր համոզմունքն է։ Հետևաբար, համոզմունքների հարցում «կոմպրոմիս չի՛ լինելու»։ Քաղաքական դաշտում ներկայացված են թե՛ պատեհապաշտները, թե՛ ամբոխավարները, թե՛ նախկին իշխանավորներն ու օլիգարխները, թե՛ արտաքին ուժերի լոբբիստները։ Մենք hայ քաղաքական դաշտում ներկայացնում ենք գաղափարական մե՛ր տեսակը։ Որքան մեծ է մեր տեսակը հանրության շրջանում, այնքան էլ մեծ են «շանսերը» հաջողության հասնելու համար։ Պետք է ընդունել խնդիրների ֆունդամենտալ լուծման մարտահրավերը, և պատրաստ լինել երկար ու տքնաջան աշխատանքը, համոզմունքով, որ «Հեշտ չի՛ լինելու»։

Խնդիրների ակունքը ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

+

Պաշտպանության և անվտանգության հարցերի մեջ խճճվելով, մեզանում մոռացության է մատնվել իրական պետականաշինությունը։ Անվտանգության երաշխիքների համար արտաքին հովանավորների փնտրտուքը դարձել է պետական ռազմավարություն, պետությունը թողնելով որպես անվերջ-անավարտ «շինհրապարակ», որտեղ յուրաքանչյուրը գողացել է իր հնարավորությունների սահմանում, անտեսելով երկրի կայացումը։ Այսպես շարունակվելու է այնքան, քանի դեռ ինքներս մեր ձեռքը չենք վերցրել հանրային կյանքի բոլոր ինստիտուտները հիմքից կառուցելու նախաձեռնությունը։ Ոչ ոք պարտավոր չէ մեր փոխարեն պետություն կառուցել, կամ մեզ հովանավորել արդար ու բարեկեցիկ երկիր ունենալու համար։

Գերխնդիրների լուծումը ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

+

Մենք, ուսումնասիրելով քաղաքագիտության հիմնադրույթները և պետությունների կայացման օրինաչափությունները՝ ստեղծել ենք «Պետականաշինության ուղեցույց», «Սահմանադրական նախագիծ» և «Ոլորտային քաղաքականության ծրագրեր» ձեռնարկները, որտեղ մանրակրկիտ ներկայացված են բոլոր այն գործոնները, որոնք անհրաժեշտ են կենսունակ պետությանը։ Դրանք մեր պետականաշինության այն «գլխավոր հատակագիծն» են, որը մեր համազգային ընթացքի համար դառնալու է ուղենիշ։ Եթե կա ազգային գաղափարախոսություն, որը առաջնորդելու է ողջ ազգին, ապա դա Սահմանադրությունն է։ Առանց այդ համընդհանուր նպատակի և առանց «գլխավոր հատակագծի» ազգը պարզապես դեգերում է՝ ցիրուցան եղած և աննպատակ։ Ի մի գալու ժամանակն է։

Գործնական քայլեր ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

+

Կազմակերպվածությունը տալիս է գործողությունների ուղղություն և արդյունավետություն։ Մեր հայրենակիցների շրջանում տարածելով խնդիրների ֆունդամենտալ լուծման օրակարգը, անհրաժեշտ է այս քարոզը, կամ թե կուզեք «մարտակոչը» հասցնել ՀՀ Ազգային Ժողովի բարձրագույն ամբիոն, որտեղից մեր ձայնը, առաջարկները և պատկերացումներն ավելի լսելի կլինի, իսկ երկրի ճակատագրի վրա ազդելու լծակներն ավելի գործուն։ Հանրությանը պետք է բացատրել, տեղեկացնել, անհրաժեշտության դեպքում օրինակ ծառայել, նոր պետական, քաղաքական, իրավական և հասարակական կարգի հիմնադրման անհրաժեշտության մասին։ «Հեշտ չի՛ լինելու», բայց դա չի կարող մեզ հետ պահել սեփական ջանքերով, սեփական Պետությունն ուննելու գերնպատակից։